Տրոհվող հատկացուցչի և իմաստով չկապվող բառերի կետադրություն

  1. Քամին սկսեց ֆռֆռացնել Մանուշի՝ ծաղկեպսակի տակից դուրս եկած խոպոպները։
  2. Աղջիկը գլուխը խոնարհում է տղայի՝ մրրկածուփ զգացմունքից ելևէջող կրծքին։
  3. Գուսանը մոլորվեց կիրճի՝ օձի նման գալարվող քերծերում։
  4. Հայն իր բնօրրանը համարել է Աստծու՝ մեծ հոգածությամբ ու սիրով ստեղծած դրախտը։
  5. Օշականի՝ համայն հայությանը քաջ ծանոթ ճանապարհին քարե մի վիթխարի մատյան է կանգնած, որի կիսաբաց էջերի վրա դրոշմված է հայկական այբուբենը։
  6. Հայի՝ այլազգիների հետ չձուլվելու գաղտնիքը պիտի որոնել երեսունվեց տառերից բաղկացած այբուբենի մեջ։
  7. Մաշտոցի՝ լույս դարձած աճյունը ամփոփված է Օշական գյուղում։
  8. Մատռվակը արծաթազօծ սկահակից մատուցում էր կավե կարասների՝ արյունը թունդ հանող յոթնամյա գինին։
  9. Ահա Մասիսի՝ երկնի լազուրի մեջ կորած գագաթը՝ վեհաշուք ու վեհատես։
  10. Արտերի՝ դեռ մանգաղի երես չտեսած ոսկին ծփում էր և ծածանվում։
  11. Ապառաժի՝ գույներից զրկված ու մթամած կերպարանքն ավելի ընդգծվեց երկնքի՝ աչք շլացնող ոսկեզօծ կարմրի վրա։
  12. Այդ խորհրդավոր լռության մեջ լսվում էր միայն ծղրիդի՝ քաղցած մանկան լացի պես համառ ճռինչը, որ գրգռում էր նրա՝ առանց այն էլ հոգնածությունից նվաղած նյարդերը։
  13. Նա ինքն էլ, կարծես զգալով իր՝ ինձ վրա թողած ազդեցությունը, սկսեց շարունակել խոսակցությունը։
  14. Նայում էր Մանեի՝ աստղերի պես պլպլացող աչքերին։
  15. Նրանց՝ արշալույսների նման շքեղ և շուշանների նման մաքուր հոգիները բարություն էին բուրում։
  16. Անհաջողության մատնվեցին թշնամու՝ ամրոցը գրավելու բոլոր ճիգերը։
  17. Զինվորները տեսնում էին միայն լուսնի՝ լուսամուտի ապակիների վրա ցոլացող շողերը։
  18. Նա մոտիկից տեսավ հաշվապահի՝ անքուն գիշերներից հիվանդագին ուռած կնճիռներով ծածկված դեմքը։
  19. Սակայն Նեմրութի Սերոբի՝ կնոջ հետ սարերում թափառելը դուր չէր գալիս իր խմբի զինվորներին։
  20. Այդ ժամանակ միայն Բաբեի՝ խորշոմների ցանցով պատած արևախանձ դեմքը անսահման բավականությունից ճառագեց։
  21. Չարենցի՝ տասնինը տարեկանում գրած «Աթիլլա» պոեմը պարզապես անթերի ծնունդ է։
  22. Հանդիպակաց ձյունածածկ լեռներից փչող ընդդիմադիր հովը համբուրում էր մեր՝ արևից ու քամուց թրծված դեմքերը։
  23. Ոտքերը հազիվ էր փոխում քաղաքի՝ անձրևից ու փոշուց լպրծուն դարձած փողոցներով։
  24. Կրակը լափում էր բուրգի՝ ճարճատյունով բյուրավոր կայծեր դեպի երկինք արձակող տախտակները։
  25. Նրա՝ արևից կիզված և հողմախանձ դեմքը պղնձի գույն ուներ։
  26. Կեսօրից բավական անցել էր, երբ Սամվելի՝ բոլորովին հոգնած ասպախումբը հասավ գոգավոր նավամատույցին։
  27. Երևում էր միայն Բզնունյաց ծովակի՝ հայելու նման նեղ շերտը:

Добавить комментарий

Создайте свой сайт бесплатно на WordPress.com.Создайте свой сайт.
Начать бесплатно