Բուն բացահայտիչ
Կետադրել ինքնուրույն (Բուն բացահայտիչ)
- Հայկական լեռնաշխարհը՝ մարդկային հասարակության բնորաններից մեկը, վաղնջական ժամանակներից հռչակվել է իր ադամանդակուռ կյանքին անհրաժեշտ կենսարար օդով, պաղպաջուն ջրով, սքանչելի բնաշխարհով։
- Տատս ու պապս անձկությամբ պատմում էին մեզ՝ իրենց թոռներին, որ մենք ունենք մեր հայրենիքը՝ Հայաստանը, և մենք գիշեր ու զօր կարոտով երազում էինք մեր ոստանի՝ Հայաստանի մասին։
- Մի անգամ քրիստոնեական հավատի հետևորդներին պատժելիս նա տեսնում է մի աննման գեղեցկուհու՝ Հռիփսիմե կույսին։
- Նինոսը՝ այդ խարդախ ու խաբեբա մարդը, մտածում էր, թե ինչպես վրեժխնդիր լինի Հայաստանից՝ իր նախահոր՝ Բելի պարտության ամոթը Ասորեստանի ճակատից սրբելու համար։
- Մեսրոպից վեց ամիս առաջ վախճանվել էր նրա մեծ գործակիցն ու հովանավորը՝ Սահակ Պարթևը։
- Հայոց մարզպանի՝ Վասակի ամրոցում կրկնվում էր այն ամենօրյան, որ կրկնվել էր տարիների ընթացքում։
- Նա հիշում էր իր մտերիմ ընկերուհու՝ Հեղինեի հետ ունեցած խոսակցությունը և համոզվում, որ նա շատ ճիշտ բաներ է ասում։
- Պատից կախված էին զենքի տարբեր տեսակներ՝ թրեր, դաշույններ, որսի կենդանիների՝ եղջերուի, այծյամի գլուխներ։
- Երջանիկ պատահականությամբ ես՝ խոտորջուրցի պատանիս, դուրս պրծա արյունոտ սպանդից։
- Քնած ամրոցը՝ Ողականը, զառիվերին կառչած առյուծի պես փակել էր աչքերը։
- Ամեն ինչ՝ թե՛ ահասարսուռ լեռները, թե՛ մթամած ձորերը, թե՛ քարաժայռերը, ծածկվել է կանաչ վերմակով՝ զմրուխտ անտառներով։
- Հայոց արքան՝ Խոսրով Մեծը, հրաման է տալիս զորավարին՝ Վաչե Մամիկոնյանին, երկրից՝ հարավային գավառներից, մեծաթիվ գործավորներ, մշակներ ու վարպետներ հանել Արարատյան գավառում անտառներ տնկելու համար։
- Ամեն ինչում պետք է հետևել երեք սկզբունքի՝ ճշմարտության, ազնվության, օգտակարության։
- Հայոց թագաժառանգը՝ Պապը, յուր կնոջ՝ Զարմանդուխտի, և երկու որդիների՝ Արշակի և Վաղարշակի հետ պահված էին Կ. Պոլսում։
- Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը՝ քսան տարեկան Լուիզան։
- Այո՛, սրանք՝ այս երիտասարդները, և՛ ուժ են, և՛ հույս, և՛ կյանք, և՛ ուրախություն։
- Լուսինը ամոթխածորեն թաքնվում էր հրաշեկ արեգակից՝ ցերեկային լուսատուից։
- Դեռ հայոց ամենահին և ծերունի Աստվածը՝ Արեգը, ամեն գիշեր հանգստանում էր Վանա ծովակի մեջ։
- Էդպես է ասել հնուց էդ մասին Ֆարսի բյուլբյուլը՝ անմահ Ֆիրդուսին։
- Աբու-Լալա Մահարին՝ հռչակավոր բանաստեղծը, Բաղդադի տասնյակ տարիներ ապրեց խալիֆների հոյակապ քաղաքում։
- Աստղիկը՝ Աշտիշատի գեղեցիկ դիցուհին, ամեն օր վաղ առավոտյան լողանում էր Եփրատի ալիքների մեջ։
- Մենք՝ մի բուռ հայերս, դուրս ենք եկել օսմանյան հզոր պետության դեմ
- Կղզին՝ հայ հոգևորականության այս հնավուրց ճգնատեղին, դուրս է ցցվել ծովակի հատակի միջից:
- Քեֆ էին անում և ուրախանում Մեր հսկա պապերն ու մեր հայրերը՝ Գյուղի տերերը:
- Ես նզովում եմ իշխանությունը՝ հազարածիրան մոլի բորենուն:
- Գաղթի ճանապարհին նա կորցրել էր ամբողջ ընտանիքը՝ հորը, մորը, քույրերին:
- Երեխաները, կանայք, տղամարդիկ՝ ողջ բազմությունը, ծնկի իջավ։
- Աշակերտները, ուսանողները, մտավորականությունը, բանվորները, գյուղացիները՝ ամբողջ հայ ժողովուրդը, սգում էր իր հանճարեղ բանաստեղծի՝ Հովհաննես Շիրակի կորուստը:
- Հայոց ձորով անցնելու ժամանակ հայը միշտ հիշում է իր նախահոր՝ Հայկ դյուցազնի, այն մեծ հսկայի կռիվը տիտանների դեմ:
- Գլխավոր մթերքները՝ այսինքն հացը, միսը, շաքարը, առատ են:
- Զգուշացիր քո ամենամեծ թշնամուց՝ այն է կրքերից: (Այստեղ բացահայտիչը միացած է «այն է» բառակապակցությամբ):
- Այդ միտքը նրա մեջ հրահրում էր Մացակ ապերը՝ Գրիգորի աչքին ամենահեղինակավոր մարդը:
- Դա հանգուցյալի երկրորդ որդին էր՝ Միքայելը:
- Քույրերս՝ Մարիամը և Մագթաղը, դեռ փոքր էին:
- Ամենից առաջ եկավ հաշվապահը՝ բարձրահասակ, կուրծքը ներս ընկած, քիչ կուզիկ, քառասունի մոտ մի երիտասարդ:
- Սաթոն՝ մի քիչ խելքը թռցրած, գզգզված մազերով, կեղտոտ շորերով մի աղջիկ, հետևեց նրանց:
- Վերցնելով իր գլխին տեղացող անձրևից մի կաթիլ՝ մի ծաղիկ, երգչուհին սեղմեց սրտին:
- Երկու զինվոր՝ երկու աժդահա, դուրս եկան ճամբարից:
- Ամեն բանի մեջ՝ ուտելում, խմելում, հագնելում, սաստիկ խնայողություն էր անում:
- Մինչև մահ նա ձեռքից բաց չթողեց իր կառավարության գավազանը՝ ահագին փայտյա շերեփը:
- Մայրաքաղաքի այդ ուրախ հանգիստը փոխվեց տագնապի, երբ արքայից արքան՝ Շապուհը, բարեկամության դաշինք կնքելու պատրվակով Տիզբոն հրավիրեց Արշակին՝ հայոց թագավորին, և Վասակ Մամիկոնյանին՝ սպարապետին:
- Ամբողջ օրը նա ջանում էր միայն մի բան անել՝ իրագործել Ավետարանի պատվիրանները:
Մի՛ նեղացրեք մարդուն
Մեր կյանքը շատ արագ է անցնում, և մենք հաճախ շտապելով չենք նկատում մեր կողքիններին։ Հենց այս վազքի մեջ էլ երբեմն, նույնիսկ առանց պատճառի, մենք կարող ենք կոպիտ խոսքով կամ անտարբերությամբ նեղացնել դիմացինին։ Մեզ թվում է, թե դա ընդամենը մի թեթև բառ էր, բայց իրականում դա կարող է մեծ ցավ պատճառել։
Լեոնիդ Ենգիբարյանը ասում է. «Հանկարծ ու նա Մոցա՞րտն է»։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե ով է մեր կողքին կանգնած անծանոթը։ Գուցե նա մի տաղանդավոր մարդ է, որը դեռ նոր է փորձում ստեղծագործել։ Եթե մենք նրան հուսահատեցնենք ու կոտրենք, նա այլևս ոչ մի գեղեցիկ բան չի ստեղծի։ Այդպես աշխարհից կպակասի երաժշտությունը, արվեստը և լավ զգացմունքները։
Մարդուն վիրավորելը վայրկյանների գործ է, բայց նրա հավատը հետ բերելը շատ դժվար է։ Յուրաքանչյուրս էլ ունենք մեր ներքին վախերն ու թուլությունները, և բոլորս էլ ցավ զգում ենք։ Դրա համար էլ գրողը մեզ կոչ է անում «լավ նայել իրար»։ Սա նշանակում է լինել ուշադիր, հարգել դիմացինի հոգին և անտարբեր չանցնել կողքով։
Մի՛ նեղացրեք մարդուն, որովհետև նա էլ ձեզ նման է. ունի նույնպիսի սիրտ ու զգացմունքներ։ Եկեք լինենք ավելի զգույշ միմյանց հանդեպ, որովհետև աշխարհը դառնում է բարի միայն այն ժամանակ, երբ մենք պահպանում ենք մարդուն մարդու մեջ։
Խոնարհ աղջիկ
1. Բնութագրիր կերպարներից յուրաքանչյուրին։
Պատմողը զգայուն, բարի և հետաքրքրասեր մարդ է։ Սկզբում նա գյուղին օտար է, բայց հետո կապվում է մարդկանց հետ։
Խոնարհը համեստ, լուռ, բարի և աշխատասեր աղջիկ է։ Նա իր զգացմունքները բացահայտ չի արտահայտում։
Գյուղացիները աշխատասեր մարդիկ են, բայց ապրում են դժվար և աղքատ պայմաններում։
2. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում պատմողի կերպարում Ձորագյուղում գտնվելու ընթացքում։ Ինչպե՞ս է գյուղական միջավայրը, դպրոցը և մարդկանց հետ շփումը փոխում նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Ձորագյուղում ապրելու ընթացքում պատմողը սկսում է ավելի լավ հասկանալ գյուղացիների կյանքը։ Նա կապվում է մարդկանց հետ, տեսնում նրանց դժվարությունները և ավելի է գնահատում կյանքը։
3. Համեմատե՛ք պատմվածքի սկզբում և վերջում ներկայացված Խոնարհին։ Ի՞նչ է փոխվել ոչ միայն նրա արտաքինում, այլև նրա կյանքի պայմաններում։ Ինչո՞վ է հատկապես ուժեղ վերջին հանդիպման տեսարանը։
Սկզբում Խոնարհը երիտասարդ, գեղեցիկ և աշխույժ աղջիկ է։ Տասներկու տարի անց նա շատ է փոխվել և ավելի հոգնած տեսք ունի։ Նրա կյանքի վրա ազդել են ծանր աշխատանքը և դժվար պայմանները։ Վերջին հանդիպումը ուժեղ է, որովհետև պատմողը տեսնում է, թե ինչպես են տարիներն ու դժվարությունները փոխել Խոնարհին։
4. Ինչո՞ւ է հեղինակը սիրային պատմությունը զուգադրում աղքատության, աշխատանքի, հիվանդության, պատերազմի և գյուղական կյանքի պատկերների հետ։ Արդյո՞ք «Խոնարհ աղջիկը» միայն չիրականացած սիրո պատմվածք է։
Հեղինակը ցույց է տալիս, որ մարդու կյանքը կապված է իր ապրած պայմանների հետ։ Խոնարհի ճակատագրի վրա ազդում են աղքատությունը, աշխատանքը, հիվանդությունը և պատերազմը։ Ուստի պատմվածքը միայն չիրականացած սիրո մասին չէ, այլ նաև մարդու դժվար կյանքի մասին է։
5. «Խոնարհ» անունը ինչպիսի՞ լրացուցիչ իմաստ է ստանում պատմվածքի համատեքստում։ Անունը միայն կերպարի բնութագրո՞ւմ է, թե՞ ունի նաև խորհրդանշական նշանակություն։
«Խոնարհ» նշանակում է համեստ, լուռ և զուսպ։ Անունը համապատասխանում է աղջկա բնավորությանը։ Այն նաև խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր լուռ ապրում են և դիմանում կյանքի դժվարություններին։
6. Տասներկու տարի անց Խոնարհի արտաքին փոփոխությունը միայն անձնական ճակատագրի՞ արդյունք է, թե՞ ամբողջ ժամանակաշրջանի սոցիալական իրականության արտացոլում։ Պատասխանն հիմնավորե՛ք տեքստային օրինակներով։
Խոնարհի փոփոխությունը միայն անձնական կյանքի հետևանքը չէ։ Նրա վրա ազդել են ծանր աշխատանքը, աղքատությունը, հիվանդությունը և ժամանակի դժվարությունները։ Նրա փոխված արտաքինով հեղինակը ցույց է տալիս այդ ծանր կյանքի ազդեցությունը մարդու վրա։
7. Ներկայացրու պատմվածքի գաղափարը։
Պատմվածքի գաղափարն այն է, որ ժամանակն ու կյանքի դժվարությունները կարող են փոխել մարդու կյանքը։ Պատմվածքը նաև ցույց է տալիս չիրականացած սիրո և անցյալի հիշողության կարևորությունը։
8. Ցույց տուր տեքստում հակադրությունները։
Պատմվածքում կան հետևյալ հակադրությունները՝ երիտասարդություն և ծերություն, գեղեցկություն և կյանքի դժվարություններ, սեր և չիրականացած սեր, անցյալ և ներկա, երազանք և իրականություն, գեղեցիկ բնություն և ծանր մարդկային կյանք։
Մթնաձորի չարքը
1. Ինչպե՞ս է Սաքանի կերպարը բացահայտվում նրա վերաբերմունքով Ասյայի նկատմամբ։ Ի՞նչն է գրավում նրան Ասյայի մեջ, և ի՞նչ է այդ գրավչությունը բացահայտում հենց Սաքանի ներաշխարհի մասին։
Սաքանը հիանում է Ասյայով ու հարգում նրան։ Նրան գրավում է Ասյայի մաքուր, նուրբ ու քաղաքային գեղեցկությունը։ Սա ցույց է տալիս, որ Սաքանը ներքուստ ձգտում է ավելի լավ, գեղեցիկ ու լուսավոր կյանքի, որը չկա իր գյուղում։
2. Սաքանի կերպարում ինչպե՞ս են համատեղվում ընտանիքի, գյուղական առօրյայի և ավանդական մտածողության ազդեցությունները։ Ո՞ր դրվագներն են հատկապես ցույց տալիս այդ հակասությունը։
Սաքանը կապված է իր ընտանիքին ու գյուղի գործերին, բայց նրա սիրտը նոր զգացմունք է ուզում։ Այս հակասությունը լավ երևում է այն դրվագներում, երբ նա տանը գործ է անում կամ կնոջ կողքին է, բայց միտքը ամբողջությամբ Ասյայի հետ է։ Նա իրեն մեղավոր է զգում իր ընտանիքի առաջ։
3. Ինչպե՞ս է փոխվում Սաքանի վերաբերմունքը սեփական կնոջ նկատմամբ Ասյայի գալուց հետո։ Արդյո՞ք փոխվում է կինը, թե՞ փոխվում է Սաքանի հայացքը նրա նկատմամբ։ Հիմնավորե՛ք տեքստից։
Ասյայի գալուց հետո Սաքանը սառչում է իր կնոջ հանդեպ։ Կինը չի փոխվում, փոխվում է Սաքանի հայացքը։ Տեսնելով Ասյայի նրբությունը՝ Սաքանն իր կնոջ մեջ սկսում է նկատել միայն կոպտությունը, գոմի հոտը և տանջված տեսքը։
4. Ասյան ինչպիսի՞ կերպար է՝ դիտարկելով ոչ թե հեղինակի ուղղակի բնութագրումները, այլ նրա գործողությունները, խոսքը, արտաքինն ու հարաբերությունները գյուղացիների հետ։ Ինչո՞վ է նա տարբերվում Մթնաձորի գյուղական միջավայրից։
Ասյան կիրթ, մաքրասեր և մեղմ աղջիկ է։ Նա հարգանքով է խոսում գյուղացիների հետ, բայց միևնույն է՝ օտար է։ Նա տարբերվում է Մթնաձորից իր քաղաքակիրթ վարքով, մաքուր հագուստով և լուսավոր կերպարով, ինչը խորթ է խավար գյուղին։
5. Ասյան և Սաքանի կինը ինչպիսի՞ հակադրություն են ստեղծում պատմվածքում։ Ո՞ր հատկանիշներով է այդ հակադրությունը կառուցվում՝ արտաքին, վարք, աշխարհայացք, կրթություն, ինքնուրույնություն։
Նրանք լրիվ հակապատկերներ են։ Ասյան կիրթ է, ինքնուրույն, ունի մաքուր ու նուրբ արտաքին և ազատ է։ Իսկ Սաքանի կինը անկրթությունից ճնշված է, կախված է ընտանիքից, ունի ծանր աշխատանքից կոշտացած արտաքին և կենցաղային վարք։
6. Ինչո՞ւ է Սաքանը Ասյային ընկալում ոչ միայն որպես կոնկրետ կին, այլև որպես իր սովորական կյանքի սահմաններից դուրս գտնվող մի կերպար։ Ինչպե՞ս է դա արտահայտվում նրա մտքերի և պատկերացումների մեջ։
Որովհետև Ասյան նրա համար անհասանելի երազանք է։ Սաքանի մտքերում Ասյան ասես մի հեքիաթային էակ լինի ուրիշ աշխարհից, որտեղ չկան գյուղի ցեխը, աղքատությունն ու ծանր հոգսերը։
7. Ի՞նչ դեր ունի Սաքանի մայրը կերպարային համակարգում։ Նրա վերաբերմունքը Ասյայի նկատմամբ ի՞նչ է բացահայտում գյուղական միջավայրի արժեքների և պատկերացումների մասին։
Մայրը ներկայացնում է հին գյուղի կանոնները։ Նրա վատ ու կասկածամիտ վերաբերմունքը Ասյայի հանդեպ ցույց է տալիս, որ գյուղը վախենում է նորությունից ու կրթությունից և օտարներին համարում է վտանգավոր («չարք»)։
8. Սաքանի կերպարի մեջ ո՞ր պահից է արտաքին հետաքրքրությունը վերածվում ներքին բախման։ Գտե՛ք այդ անցումը և բացատրե՛ք դրա պատճառը։
Ներքին բախումը սկսվում է այն պահից, երբ Սաքանը հասկանում է, որ Ասյան երբեք իրենը չի լինի, իսկ ինքը ստիպված է վերադառնալ իր հին կյանքին։ Պատճառն այն է, որ նա սիրահարվել է մի անհաս բանի, ինչը քանդում է իր հոգու հանգիստը։
9. Ինչո՞ւ է հեղինակը Սաքանի ներաշխարհը հաճախ ներկայացնում հոտերի, մարմնական զգացողությունների և տեսողական պատկերների միջոցով։ Ինչպե՞ս են այդ մանրամասները օգնում հասկանալ կերպարին։
Սաքանը պարզ գյուղացի է, նա չի մտածում բարդ գրքային բառերով, այլ զգում է հոտերով ու պատկերներով։ Գոմի տհաճ հոտի և Ասյայի անուշահոտության հակադրությունը օգնում է հասկանալ նրա ներքին դժգոհությունը սեփական կյանքից։
10. Պատմվածքի վերջում Սաքանի վերաբերմունքը կնոջ նկատմամբ փոխվում է։ Կարելի՞ է ասել, որ Ասյայի ներկայությունը Սաքանին ստիպում է առաջին անգամ այլ կերպ տեսնել սեփական կնոջը։ Պատասխանը հիմնավորե՛ք վերջաբանի մանրամասներով։
Այո, կարելի է ասել։ Վերջում, երբ Ասյան հեռանում է, Սաքանը մնում է կնոջ հետ։ Նա առաջին անգամ նկատում է կնոջ նույն տանջված դեմքը և կարծես արթնանում է երազից՝ հասկանալով, որ իր իրական կյանքը հենց այս կինն է։
11. Փորձիր մի քանի նախադասությամբ ձևակերպել պատմվածքի բուն ասելիքը։
Պատմվածքի ասելիքն այն է, որ խավար ու աղքատ գյուղում ապրող մարդը նույնպես ունի գեղեցիկի ու լույսի կարիք։ Սակայն այդ նոր ու լուսավոր աշխարհի հետ հանդիպումը ցավ է պատճառում նրան, քանի որ նա չի կարողանում փոխել իր դաժան կյանքը։
Ալպիական մանուշակ
Կարդալ Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը:
Առաջադրանքներ
Առանձնացրո’ւ բնանկարի և դիմանկարի հատվածները։
«Կապույտ ձորում, ուր ալպիական մանուշակներն են բուսնում, քարափի փեշերին, միշտ մշուշ է լինում…»
«Արևից խանձված խոտերի մեջ, ցամաքած առուների եզրին, ոսկեդեղին տատասկի կողքին բացվել էր մի ալպիական մանուշակ…»
Բնութագրի’ր կերպարներից յուրաքանչյուրին։
Նկարիչը երազող և բարի մարդ է։ Սիրում է գեղեցկությունը, բայց չի հասկանում կյանքի դժվարությունները։
Հնագետը սառնասիրտ գիտնական է։ Նրան հետաքրքրում են միայն հին քարերը, իսկ ապրող մարդիկ չեն հետաքրքրում։
Մնացական չարչարված ու կոպիտ գյուղացի է։ Ծանր աշխատանքից ու հոգսերից սիրտը քարացել է։
Կինը հեզ, ամոթխած ու տանջված կին է։ Նա գեղեցիկ է, բայց դժբախտ։
Փորձիր կերպարներից յուրաքանչյուրի գործողություններին բացատրություն տալ։
Արդարացում Մնացականի կոպտությանը`
Գյուղական միջավայրում ընդունված չէր, որ օտար տղամարդիկ հիանան կամ նկարեն ուրիշի կնոջը։ Նա զգում է, որ իր պատիվը կամ ընտանեկան սահմանները խախտվում են։
Քննադատում`
Ինչքան էլ կյանքը ծանր լինի, դա նրան իրավունք չի տալիս նվաստացնել ու ճնշել իր կնոջը, ով նույնպես տանջվում է և տան ամբողջ հոգսը կրում իր ուսերին։
Դո’ւրս գրեք այն հատվածը, որն արտահայտում է ստեղծագործության գաղափարը։
«Նկարիչը ձիու սանձը քաշեց, նայեց հետ։ Կաքավաբերդի գլխին ծվեն-ծվեն ամպեր էին, կապույտ ձորում մշուշ էր։ Նրան թվում էր, թե քարափի ծերպին, ցամաքած առվի եզրին, արևից խանձված խոտերի մեջ ծաղկել է ալպիական մանուշակը…»
Այս հատվածը ցույց է տալիս, որ չնայած կյանքի դաժանությանը, գեղեցկությունն ու մաքրությունը մնում են անհաս ու հավերժական։
Ձևակերպե’ք ստեղծագործության գաղափարը։
Պատմվածքի հիմնական գաղափարը գեղեցկության, արվեստի և իրական կյանքի անհամատեղելիությունն է։ Բակունցը ցույց է տալիս, որ արտաքին, ռոմանտիկ գեղեցկությունը հաճախ թաքցնում է ներքին ողբերգություն և ծանր ցավ, որը արվեստագետները երբեմն չեն նկատում:
Արդյո՞ք պատմվածքը գեղեցկության ընկալման մասին է, կամ գուցե հին ու նոր ժամանակների բախմա՞ն, գուցե հեղինակը սոցիալակա՞ն խնդիրներ է բարձրացնում:
Գեղեցկության մասին է, որովհետև ցույց է տալիս, թե ինչպես է նկարիչը հիանում բնությամբ ու կնոջով, իսկ գյուղացին չի նկատում այդ գեղեցկությունը հոգսերի պատճառով։
Դո’ւրս գրեք պատկերավորության միջոցները` համեմատություն, փոխաբերություն, մակդիր, անձնավորում։
Մակդիրներ—կապույտ ձոր, արևից խանձված խոտեր, թախծոտ աչքեր, ոսկեդեղին, տատասկ։
Համեմատություններ-ինչպես ալպիական մանուշակ», «ինչպես հեքիաթային մի դղյակ։
Փոխաբերություններ-«ծվեն-ծվեն ամպեր», «քարափի ծերպին… ծաղկել է մանուշակը»:
Անձնավորումներ-«քարափի փեշերին միշտ մշուշ է լինում, …լիզում է քարերը», «հողմերը ծեծում են պարիսպները»։
Ակսել Բակունցի մասին տեղեկություն
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, 1899–1937) հայ գրականության ամենաինքնատիպ «բառերի նկարիչն» է, ում գործերում կենդանանում են Սյունյաց աշխարհի գույներն ու հայ գյուղացու հոգեբանությունը։ Ծնվելով Գորիսում՝ նա իր գրական անունը ստացել է ուսանողական տարիներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սիրողական ներկայացման ժամանակ Ակսել անունով դերը հանճարեղ խաղալու համար։
Բակունցը միայն սենյակային գրող չէր. նա մասնագիտությամբ ագրոնոմ էր, ով ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը և անձամբ շրջում էր գյուղերով՝ հողը մշակելով ու մոտիկից ճանաչելով իր հերոսներին։ Բացի այդ, նա զենքը ձեռքին մասնակցել է Սարիղամիշի, Էրզրումի և Ապարանի հերոսամարտերին, ինչպես նաև կանգնած է եղել հայ կինոյի ակունքներում՝ հանդիսանալով առաջին ձայնային ֆիլմի՝ «Պեպո»-ի սցենարի երկխոսությունների համահեղինակը։ Նրա գրական ոճը հաճախ համեմատում են իմպրեսիոնիստական նկարչության հետ, ինչը հստակ երևում է «Ալպյան մանուշակ», «Միրհավ» և «Սպիտակ ձին» պատմվածքներում, որտեղ բնությունն ու մարդկային կորուստները պատկերված են նուրբ, բայց խորը վրձնահարվածներով։
Բակունցի կյանքն ընդհատվեց հանկարծակի ու ողբերգականորեն. 1930-ականների ստալինյան բռնաճնշումների ժամանակ նրան կեղծ մեղադրանքներով գնդակահարեցին ընդամենը 38 տարեկան հասակում, իսկ գերեզմանի ստույգ վայրը մինչ օրս անհայտ է։
