Սիրո և արկածի տղաները

ՈՒՐԻՇ, ուրիշ էր կյանքը, երբ ես դատարկապորտ (անբան) էի…
Հիմա, երբ բոլորի պես ես էլ ստիպված եմ լուրջ ու խոհեմ երիտասարդ դառնալ, երբ ապագան իմ ուսերին է ծանրանում ու սպառնում է ուրախությանս, երբ օրերս գետնին են ընկնում աշնանահար տերևների պես, երբ այլևս գիտեմ կյանքի լավն ու վատը, օրը՝ տղմոտ ու տրտմաբեկ, գիշերը՝ խուլ ու ցավատանջ, քաղաքները՝ պոռնիկ փողոցներով, երբ ճանաչում եմ, ափսո՜ս, ամեն հաճույք իրենց տգեղ ու զզվելի մերկության մեջ, երբ ա՛լ (արդեն) դադարել եմ զգայական ու սիրուն պատանի լինելուց և չեմ կարողանում նայել աղջիկների աղաչող ու խռովված աչքերին, երբ ա՛լ լիրբ եմ բոլորի պես, լի՛րբ, լի՛րբ,— հիշում եմ անցյալը՝ պայծառ ու լուսաշող, ու գլուխս թաղած բարձիս մեջ, փոքրիկ ու հպարտ տղայի պես, որի սիրտը լցված է, բայց որ չի ուզում արտասվել։
Ի՜նչ լավ, ի՜նչ լավ էր անցյալը…
Դառնությամբ հիշում եմ ամեն կորսված օր, աչքերս՝ խոնավ, շրթունքներս՝ դժգույն ու մազերս՝ խառնիխուռն, հենվում եմ կորսված երջանկությանը։ Սիրտս ցավում է։ Զարկում է ամուր՝ նոր վիրավորված անասունի սրտի պես, տաք կրծքիս տակ։


Այս ամենը պատահում է ինձ հետ ընդհանրապես այն ժամանակ, երբ անձրևում է առատ ու բարի կաթիլներով՝ բնակված տանս կանաչախիտ ու անուշ պարտեզի վրա։ Սենյակս նետված է ծառերի ու ծաղիկների մեջ կորած ամառանոցի ծոցը։ Դռանս առջև մի վարդենի մագլցում է պատուհանիցս վեր, ու մի հեղեղատար մյուս կողմից շվայտորեն բարձրանում է վերին հարկը: Քիչ այն կողմ մի պատատուկ իր ցողուններն է նետում քարեբուն սրտի մեջ իսկ։ Երբ անձրևում է, դուռս բացում եմ ու ընկղմվում կիսախարխուլ ու աղքատիկ բազկաթոռիս մեջ։ Ծխամորճս լցնում եմ բնազդաբար ու ծուխը ագահորեն ներս եմ քաշում, ինչպես այն ժամանակ, երբ փողոցի լկտի թափառաշրջիկ էի։


Սիրտս սեղմվում է, ու շրթունքներս շարժվում են ինքն իրենց։ Կրճտացնում եմ ատամներս, որ չարտասվեմ, հիշելով կասկածելի վայրերում սովորած սիրո մի տրտում եղանակ, ու հետզհետե չարանում եմ աշխարհի դեմ, որ բոլորիս աղարտում է։
Ծնվում ենք թարմ ու փափուկ, պայծառ ու անուշ աշնանային աչքերով, ինչպես ծաղիկը, որ բուսնում է բաց ու բարեբեր հողի ծոցից։ Մեր շրթունքները մաքուր են, ու մեր թաթիկները՝ անմեղ։ Մեզ ծնողները գորովում են այն ամենով, ինչ իրենք կորցրել են, ավա՛ղ՝ մեր անբծությունն ու շնորհքը։ Բայց օրերը գլորվում են, ու տարիքը նետում ենք ուրախության ու շվայտության թե չվառության մեջ, հարուստի ապարանքում թե խարխուլ խրճիթի մի սև երդիկի տակ՝ մեկ է, աշխարհը մեզ աղարտում է, ու դառնում ենք անասուն՝ բոլորի պես, գարշելի մտքերով, պատրաստ առաջին իսկ առիթով իրար հոշոտելու։

Ու կհիշեմ… ծխախոտիս գորշ ու ոլորուն ծխի միջից ի՜նչ սիրելի, անուշ ու գեղեցիկ դեմքեր… Անձրևը հաճախ կթրջի ծնկներս, մեր պարտեզի տանձենիները կչարչարվեն տեղատարափի տակ. երեկ դեռ ժամ առ ժամ կհասունանային արևի ջերմության մեջ գեղեցիկ, խոշոր ու հյութեղ այս տանձերը… Ի՜նչ առատաձեռն ու գուրգուրալից է բնությունը: Ընկղմվե՜ս նրա ծոցը ու անհետանա՜ս: Գլուխդ առած գնա՜ս անծանոթ ու երկար ճամփաներով, մոռանա՜ս մարդկանց փառքերն ու հարստությունները, ուրախություններն ու ցավերը… Վերադառնա՜ս քո անցյալին, դառնա՜ս նորից թափառական (անտուն), որ չգիտեր, թե այսօր որտե՞ղ պիտի գիշերի…
Այո՛, ի՜նչ հետաքրքիր կլինի՝ հագնե՜մ բանվորական մի շապիկ, կապույտ տաբատ, թողնե՜մ այս չար ու շնական գրքերը սեղանիս վրա, նամակների այս փտած դեզը, բոլոր այս խենթ ու հին երգերը, դառնա՜մ նորից թափառական…

Добавить комментарий

Создайте свой сайт бесплатно на WordPress.com.Создайте свой сайт.
Начать бесплатно