Կանաչ դաշտը և Մայիսյան հերոսամարտերը

Մարդու գոյությունը կապված է իր հայրենի հողի և ինքնության հետ․ երբ վտանգվում են դրանք, մարդը սկսում է պայքարել՝ երբեմն լուռ, երբեմն՝ բացահայտ։

Թե՛ պատմության մեջ, թե՛ գրականության մեջ մարդու պայքարը հայրենի հողի համար դրսևորվում է զգոնության, միասնության և անձնազոհության միջոցով։

«Կանաչ դաշտը» պատմվածքում պայքարը ներկայացվում է ոչ թե բաց ճակատամարտով, այլ ներքին լարվածությամբ և սպասումով։ Մայր ձին զգում է թշնամու ներկայությունը, թեև այն տեսանելի չէ։ Նրա անհանգստությունը և  լարվածությունը խորհրդանշում են այն մարդուն, որը պատրաստ է պաշտպանել իր տարածքը նույնիսկ այն ժամանակ, երբ վտանգը դեռ չի բացահայտվել։ Սա ցույց է տալիս, որ հայրենիքի պահպանությունը պահանջում է խոր զգացողություն, ներքին պատասխանատվություն և մշտական պատրաստակամություն։ Շատ կարևոր է նաև քուռակի կերպարը։ Քուռակը դեռ փոքր է, անփորձ և անպաշտպան, նա չի զգում վտանգը, բայց հենց դա է ընդգծում իրական խնդիրը՝ ապագան միշտ ամենախոցելին է։ Պառավ ձիու վարքը ցույց է տալիս պաշտպանողի կերպարը, այն մեկին, ով պատասխանատվություն է զգում ոչ միայն իր, այլ նաև ապագա սերնդի համար։

Մայիսյան հերոսամարտերում այս նույն գաղափարը արդեն իրական կյանքում է դառնում պայքար։ Երբ թշնամին մոտենում է Երևանին, ժողովուրդը կանգնում է շատ ծանր ընտրության առաջ կամ պայքարել, կամ կորցնել հայրենիքը։ Սարդարապատի ճակատամարտում հայերը միավորվում են՝ զինվորները, գյուղացիները, կանայք, նույնիսկ հոգևորականները։ Սա արդեն միայն զինվորական կռիվ չէ, այլ ամբողջ ժողովրդի գոյության պայքար։ Այստեղ պայքարը ունի շատ հստակ նպատակ՝ պահպանել ոչ միայն հողը, այլ նաև ինքնությունը, լեզուն, ապրելակերպը։ Հենց այդ պատճառով մարդիկ պատրաստ էին ամեն ինչի՝ հասկանալով, որ եթե չկռվեն, կարող են կորցնել իրենց պատմությունը և ապագան։

Երկու դեպքերում էլ տեսնում ենք մի կարևոր ընդհանրություն․ պայքարը սկսվում է ներսից՝ զգացողությունից, գիտակցությունից, և վերածվում գործողության։ Կարմիր ձին դեռ միայն զգում է վտանգը, իսկ Սարդարապատում այդ զգացումը արդեն դարձել է իրական պայքար։

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ հայրենի հողի և ինքնության պաշտպանությունը մարդու ամենախոր և ուժեղ բնազդներից է։ Անկախ նրանից՝ պայքարը լուռ է, թե բարձրաձայն, այն միշտ ծնվում է սիրուց դեպի հայրենիքը և պատասխանատվությունից՝ նրա ապագայի հանդեպ։ Այսպիսով, և՛ «Կանաչ դաշտը», և՛ Մայիսյան հերոսամարտերը վկայում են, որ ժողովուրդը կարող է գոյատևել միայն այն դեպքում, երբ պատրաստ է պաշտպանել իր ինքնությունն ու հողը՝ մինչև վերջ։

 



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы