Մադրասի խմբակ-Առաքյալ էսսե

Հայ ժողովրդի պատմության ընթացքում տարբեր ժամանակներում եղել են մարդիկ, որոնք ցանկացել են բարելավել ժողովրդի կյանքը և նրան հասցնել ազատության ու զարգացման։ Այդպիսի գաղափարներ տեսնում ենք Մուրացանի «Առաքյալ» ստեղծագործության մեջ և Մադրասի խմբակի գործունեության մեջ։ Սակայն նրանց առաջ քաշած ծրագրերը իրենց ժամանակում կյանքի չկոչվեցին։

Լուսավոր գաղափարները չիրականացվեցին, որովհետև դրանք միայն լավ ցանկությունների վրա էին հիմնված և բավարար պայմաններ չկային դրանք գործնականում իրականացնելու համար։

Մուրացանի «Առաքյալ» ստեղծագործության մեջ Պետրոս Կամսարյանը համոզված է, որ գյուղացու ծանր կյանքի պատճառը տգիտությունն է։ Նա որոշում է գյուղ գնալ, կրթել գյուղացիներին, պաշտպանել նրանց իրավունքները և բարելավել նրանց կյանքը։ Նա մեծ ոգևորությամբ ծրագրեր է կազմում և նույնիսկ իրեն համեմատում է առաքյալի հետ։ Սակայն գյուղ հասնելուն պես բախվում է իրականությանը․ այնտեղ կան աղքատություն, ծանր կենցաղ և դժվար պայմաններ։ Կամսարյանը չի կարողանում դիմանալ այդ կյանքին և հասկանում է, որ իր պատկերացրածը տարբեր է իրականությունից։ Ի վերջո նա թողնում է գյուղը, իսկ իր ծրագրերը մնում են անկատար։ Սա ցույց է տալիս, որ միայն գաղափար ունենալը բավարար չէ, եթե մարդը պատրաստ չէ գործելու և դժվարություններ հաղթահարելու։

Նման իրավիճակ է նաև Մադրասի խմբակի դեպքում։ Խմբակի անդամները ցանկանում էին վերականգնել հայկական պետականությունը։ Նրանք գրել են «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» և «Որոգայթ փառաց» գրքերը, որտեղ կարևորում էին ժողովրդի կրթությունն ու լուսավորությունը։ Նրանք կարծում էին, որ նախ պետք է ժողովուրդը ազատվի տգիտությունից, ապա կարողանա հասնել քաղաքական ազատության։ Սակայն նրանց ծրագրերը կյանքի չկոչվեցին։ Այդ գաղափարները մնացին գրքերի մեջ, բայց պահպանեցին ազատագրության միտքը և փոխանցեցին այն հետագա սերունդներին։

Այսպիսով կարելի է ասել, որ լուսավոր գաղափարները չեն իրականանում միայն բարձր նպատակներ ունենալու շնորհիվ։ Դրանց համար անհրաժեշտ են ոչ միայն ցանկություն և հավատ, այլ նաև համապատասխան պայմաններ, պատրաստվածություն և գործնական քայլեր։ Թեև այդ գաղափարները իրենց ժամանակում չիրականացվեցին, դրանք կարևոր դեր ունեցան հայ ժողովրդի ազգային մտածողության զարգացման մեջ։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы