Բաթում կամ Բաթումի, մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաքը Վրաստանում։
Անվան Ստուգաբանություն
Բաթում քաղաքի անվանումը վերցված է քարթվելական լեզվաընտանիքին պատկանող սվաներեն լեզվից և թարգմանաբար նշանակում է «քար»:
Քաղաքի մասին առաջին հիշատակումն եղել է մ.թ.ա 4-րդ դարում՝ հույն փիլիսոփա Արիստոտելի կողմից: Մ.թ.ա 1-ին դարում հռոմեացի գրող և գիտակ Պլինիոս Ավագը քաղաքը հիշատակել է «Բատուս» անվանումով, որը թարգմանաբար նշանակում է «խոր»:
Պատմություն
Բաթումը տեղակայված է եղել հին հունական Կողքիսի գաղութի տեղում և անվանվում էր Բաթուս: Հին շրջանում Բաթումը եղել է հռոմեական նավահանգիստ: Արևմտյան հռոմեական կայսրության անկումից հետո այն անցել է Հռոմի միակ հետևորդին՝ Բյուզանդիային: Հուստինիանոս Ա կայսեր կառավարման տարիներին Բաթումում կառուցվել է Պետրա ամրոցը, որը ծառայել է որպես պաշտպանական ամրություն: Քաղաքը շարունակել է մնալ հռոմեական տիրապետության տակ մինչև 7-րդ դարը, երբ քաղաքը և ապա ամբողջ Վրաստանն անցան Արաբական խալիֆությանը: Արաբական կառավարությունը հպատակ ժողովուրդների նկատմամբ վարում էր հարկային ծանր քաղաքականություն, որը արդյունքում 8-րդ դարում Արաբական խալիֆայության մաս կազմող նախկին թագավորությունների բնակչությունն ապստամբություններ կազմակերպեց կենտրոնական կառավարության դեմ։ 8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ Բաթումն անցավ կիսանկախ կարգավիճակ ունեցող Եգերաց թագավորության: 9-րդ դարում Բաթումը վերջնականապես ազատվել է արաբական լծից: 888 թվականին Աշոտ Ա Կյուրոպաղատ թագավորը հիմնում է Տայքի կյուրոպաղատությունը, որի մեջ էլ միավորվում է Բաթումը: Վրաց Բագրատունիների կողմից ստեղծված այս պետությունը ներառում էր Մեծ Հայքի պատմական Տայք նահանգի (վրացիներն այն կոչում են Տաո) տարածքը: 10-րդ դարում՝ 1008 թվականին, այն անցել է Վրաց թագավորությանը: Բաթումը թագավորության գլխավոր նավահանգիստներից էր, ինչպես նաև Վրաստանի թագավորության սևծովյան հենակետերից մեկը: 1010թվականից Բաթումը կառավարվում էր էրիսթավի կողմից: Վրաստանի ազնվականների շարքում էրիսթավիի տիտղոսը սովորաբար զբաղեցնում էր երրորդ տեղը թագավորից ու մթավարիից հետո և համապատասխանում էր խոշոր գավառների կառավարիչներին։ Բաթումի էրիսթավն ուներ իր ռազմական դրոշակը, կրում էր հատուկ հագուստ, մատանի, գոտի ու նիզակ, ինչպես նաև նստում էր հատուկ ցեղատեսակի ձի։ 1204 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, Վրաստանը նաև ճանապարհ բացեց դեպի Սև ծովի հարավարևելյան ափերը: Վրաստանի հետագա հզորացմանն արգելակեց մոնղոլական պետությունը: Չինաստանից այստեղ քոչած մոնղոլները արշավանքներ սկսեցին դեպի Վրաստան: Հասնելով մինչև Թվիլիսի՝ Վրաց թագավորության մայրաքաղաքի մատույցների մոտ, մոնղոլական ցեղերը վերջ դրեցին ժամանակի հզորագույն պետություններից մեկի՝ Վրաստանի գոյությանը:
Оставить комментарий