Սպիտակ ջրաշուշանը

Ջրաշուշանը (հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա) ջրաշուշանազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույս է: Հայտնի է 40 տեսակ՝ տարածված հիմնականում արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակ ջրաշուշանը և ձյունասպիտակ ջրաշուշանը՝ տարածված Լոռու (Գետավան գյուղ) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, Տզրուկի, Ժանգոտ, Պարզ լճերում:

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսն է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Կոճղարմատը հզոր է: Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև` հաստ կոթուններով, և ազատ լողում են ջրի մակերևույթին: Ծաղիկները խոշոր են, մեկական, երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ, ցերեկը բացվում են, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվում  և ընկղմվում են ջրի մեջ: Պսակաթերթիկները բազմաթիվ են՝ կղմինդրաձև դասավորված: Պտուղը կանաչ է, բազմասերմ: Այն հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, ապա սերմերը դուրս են գալիս ջրի մակերևույթ և տարածվում ջրային թռչունների միջոցով:

Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով:

Ջրաշուշանը կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստական ջրամբարներում: Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա: Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք կարելի է օգտագործել որպես սուրճի փոխարինիչ: Մատղաշ կոճղարմատները (որոշ տեսակների սերմերն ու բողբոջները) ուտելի են:

Օգտագործվում են գեղազարդիչ պարտեզագործության մեջ՝ ջրամբարները կանաչապատելու համար:




Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы