Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինին, իսկ մյուսներն առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։ Առավել տարածված է ճապոնական մանդարին, որը թույլ աճեցողությամբ, 2-3 մ բարձրության ծառ է։ Տերևները խոշոր են, օվալաձե, երբեմն՝ ծալքավոր, վերևի մակերեսը՝ մուգ կանաչ գույնի, թույլ զարգացած տերևակիցներով։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ինքնափոշոտվող բույս է։ Պտուղները՝ տափակ-կլորավուն, կեղևը՝ կաշենման, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին բաժնյակներից (ճաղերից), որոնք պատված են շատ բարակ, սպիտակ, թելանման հավելվածքներով։ Հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով։ Պարունակում է մինչև 12% շաքարներ, 0, 9-1, 0% կիարոնաթթու, 0, 45% պեկտինային նյութեր, ինչպես նաև հանքային նյութեր ու վիտամիններ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (հյութեր, մուրաբաներ)։
Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկումից 3-4 տարի հետո։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի եռտերեային կիտրոնը։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։
Оставить комментарий